Լորուտ գյուղի մոտ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 7 անձի մեղադրանք է առաջադրվել
2021թ. օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որն անտառից ընթացել է դեպի գյուղ:
Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, շարունակել է ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել է ձորը: Դրա հետևանքով մահացել են «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված՝ Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ, 1986թ. ծնված՝ Հովհաննես Ղազարյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված՝ Վահրամ Դանիելյանը:
Դրանից հետո ոստիկանության ծառայողները իջել են ավտոմեքենայից և փորձել օգնություն ցուցաբերել, միաժամանակ կապվել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ հավելյալ ուժեր և շտապ բուժօգնություն կանչելու նպատակով: Նույն ժամանակ դեպքի վայրին են մոտեցել նաև հարակից գյուղերի՝ դեռևս ինքնությունները չպարզված բազմաթիվ անձինք, ովքեր սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության վերը նշված ծառայողներին, կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև հրկիզման եղանակով այրել են օգնության ժամանած ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեղադրանք է առաջադրվել 7 անձանց։ Հարուցվել է Քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ, ինչպես նաև՝ բոլոր մասնակիցների ինքնությունը և առնչությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ