Ավետիք Չալաբյանը կալանավորվել է՝ 2 ամսով․ Քննչական կոմիտե

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է՝ 2 ամսով․ Քննչական կոմիտե

«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, նա կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 24-ի առավոտյան ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը։

Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել: Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական կոմիտեն առերևույթ փաստական տվյալներ է ձեռք բերել, որ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, նրանց նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է, որ նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցողներին մեկնել Հայաստան և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:

Փորձաքննությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Չալաբյանն է: Նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում