Չպետք է թույլ տանք, որ ԼՂ հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի ողբերգական ճակատագրին. Արարատ Միրզոյան

Չպետք է թույլ տանք, որ ԼՂ հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի ողբերգական ճակատագրին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: Իր ելույթում նախարարը նշել է. 

«Պարո՛ն նախագահ,
Պարո՛ն Գործադիր խորհրդի նախագահ,
Տիկի՛ն Գլխավոր տնօրեն,
Հարգելի՛ պատվիրակներ,

Կցանկանայի, առաջին հերթին, շնորհավորել նորին գերազանցություն Մոուրաոյին՝ Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր պաշտոնում։ Ցանկանում եմ նաև շնորհավորել տիկին Օզուլեյին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր անդամ երկրներին՝ Հայաստանի՝ որպես Գլխավոր համաժողովի փոխնախագահներից մեկի թեկնածությունը սատարելու համար: 

Այն արտասովոր մարտահրավերները, որոնց այսօր բախվում է աշխարհը՝ զինված հակամարտություններից մինչև COVID-19 համավարակ և կլիմայի փոփոխություն, ընդգծում են կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը: Հետևաբար, այսօր, երբ մենք նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը, վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և մեր աջակցությունը կազմակերպության Ռազմավարական վերափոխման գործընթացին։

2022 թվականին կլրանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը, որի ընթացքում  Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի  օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ներկայացնել մեր թեկնածությունն անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։

Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ. Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է: 

Մենք լիովին աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աֆրիկայի առաջնահերթության և Փոքր կղզիների զարգացող պետությունների գլոբալ ծրագրերին, որոնք պետք է առավել խթանվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության և մշակույթի ոլորտներին։ Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ ուղղված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանմանը և դատապարտում մշակութային խորհրդանիշների վրա հարձակումները՝ պայմանավորված դրանց ծագման կամ ինքնության տարբերություններով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։

Շուրջ մեկ տարի է նաև, ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։

Մենք երախտապարտ ենք տիկին Օզուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի  կոնվենցիային։ 

Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը  մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակն անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են։ 

Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19 000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։

Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28 000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, կցանկանայի եզրափակել խոսքս՝ ընդգծելով խաղաղության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մշակույթի, ինչպես նաև մշակույթների միջև երկխոսության խթանման կարևորությունը՝ որպես մարդկանց միավորելու և խաղաղ համակեցությունն ամրապնդելու կարևոր գործիք: Անշուշտ դա մեզ հնարավորություն կտա իրագործել Կազմակերպության բոլոր առաջնահերթությունները: Շնորհակալություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում