Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրում է զգոնություն ցուցաբերել գերիների մասին հրապարակումներ անելիս
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լրատվամիջոցներին և քաղաքացիներին խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել նրանց անձնական տվյալների հրապարակումից:
«Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է և դեռ կարող է զուգորդվել նրանց անձնական տվյալների և անձնական կյանքի տվյալների հրապարակմամբ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։
Այս կապակցությամբ հարկ է հիշել, որ տեղեկությունը համացանցում մնում է հավերժ և հասանելի է անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է միջամտել և բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից։
Հետևաբար, և մեր հայրենակիցներին, և լրատվամիջոցներին խնդրում ենք զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել գերությունից վերադարձած տղաների անձնական տվյալների, ներառյալ անձնական կյանքի տվյալների անհարկի (չհիմնավորված, ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ, ոչ չափավոր) հրապարակումից, նախապատվություն տալ գերությունից վերադարձած անձանց մասին տեղեկությունների ապանձնավորված հրապարակմանը։
Պետք է նշել, որ որոշ հրապարակումներում գերությունից վերադարձած մեր հայրենակիցների դեմքերն ապանձնավորված են, ինչը բխում է նրանց անձնական տվյալների պաշտպանության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքներից և հնարավորություն կտա նրանց հետագայում չնույնականացվել հանացանցում։
Համանման հորդորով նոյեմբերի 23-ին Գործակալությունը խնդրել էր խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի (ադրբեջանական աղբյուրների) տարածումից»,- ասված է հայտարարությունում։
Կարծիքներ