Մոսկվայում 1 շաբաթում արձանագրվել են կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը համավարակի սկզբից ի վեր
Յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը Մոսկվայում աճել է 51 853-ով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ համավարակի սկզբից ի վեր սա առավելագույն ցուցանիշն է ՌԴ մայրաքաղաքի համար:
Նախորդ շաբաթ Մոսկվայում կորոնավիրուս է հայտնաբերվել 36 710 մարդու մոտ: Իսկ համավարակի սկզբից ի վեր, ըստ դաշնային օպերատիվ շտաբի տվյալների, Մոսկվայում COVID-19-ով վարակվել է 1 286 570 մարդ, կամ քաղաքի բնակչության ավելի քան 10% -ը:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հունիսի 14-ից 20-ը հաստատվել է կորոնավիրուսի 108 139 նոր դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 31,5 %-ով: Ընդհանուր առմամբ, ըստ շտաբի, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 5 316 826 մարդ, կամ բնակչության ավելի քան 3,6% -ը:
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանում մեկ շաբաթում առողջացածների թիվը (68 637) պակաս է հաստատված դեպքերի թվից:
Նշված ժամանակահատվածում՝ հունիսի 14-20-ը, Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 526 դեպք, ինչն առավելագույն ցուցանիշն է ամբողջ համավարակի ընթացքում:
Գործակալությունը հավելում է, որ իրավիճակը համավարակի գլխավոր օջախներում՝ Մոսկվայում, Մերձմոսկովյան շրջանում և Սանկտ Պետերբուրգում, շարունակում է վատթարանալ: Այս շաբաթ նշված երեք շրջաններին է բաժին ընկել ամբողջ երկրում հայտնաբերված դեպքերի 62,3 %-ը:
Կարծիքներ