Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն
![Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն](https://freenews.am/uploads/images/image_750x_62024ca279d41.jpg)
Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքերով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ:
Գործադիրն առաջարկում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:
Օրենքում սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը և իրականացնել վերահսկողությունը:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ հարցի հրատապությունից ելնելով որոշվել է օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը:
Կարծիքներ