Ի պատասխան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում առանձնատուն ունենալու հերքումների՝ Դատախազությունը պնդում է՝ հիմնավորումներ կան
Ժամեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Սերյան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 092 միլիոն 538 հազար 513 ՀՀ դրամ։
Դատախազության սույն հայտարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով. «Ես՝ Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում»:
Սեյրան Օհանյանի գրառմանն ի պատասխան՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ եթե Դատախազությունը հայցադիմումն այս բովանդակությամբ ուղարկել է դատարան, հետևաբար հիմնավորված է համարում այդ գույքի փաստացի պատկանելիությունը նշված անձին:
«Դատական քննության ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց ապացույցները, ըստ որի՝ դատարանը որոշում կկայացնի»,- հավելեցին Դատախազությունից:
Կարծիքներ