ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին «վիրտուալ» պատ կկառուցի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միգրացիոն կոշտ քաղաքականության շրջանակում պայմանագիր է կնքել տեխնոլոգիական ստարտափի հետ, որպեսզի Մեքսիկայի հետ սահմանին հարյուրավոր ինքնավար տեսահսկման աշտարակներ տեղադրվեն:
Ինչպես նշում է The Hill-ը, սահմանային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ արհեստական բանականության միջոցով մարդկանց և փոխադրամիջոցները ճանաչող աշտարակների թիվը սահմանին 2022թ. դրությամբ կհասնի 200-ի:
Anduril Industries ստարտափի փոխանցմամբ՝ պետական պայմանագրի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
Աղբյուրը նկատում է, որ պայմանագիրը կնքվել է Թրամփի վարչակազմի կողմից միգրացիոն քաղաքականության է՛լ ավելի կոշտացման ֆոնին:
Հատկանշական է, որ դեմոկրատ կոնգրեսականներից շատերը, որոնք կտրուկ դեմ են Թրամփի առաջարկով Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, «վիրտուալ» պատի դեպքում այդքան էլ դեմ չեն:
Արհեստական բանականությամբ հագեցած աշտարակների առավելությունն այն է, որ դրանք չափազանց զգայուն են ցանկացած շարժի նկատմամբ և որևէ բան նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես փոխանցում են սահմանապահներին: Բացի այդ, դրանք 97 տոկոս ճշգրտությամբ տարբերակում են մարդուն կենդանուց:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնական և վիճելի խոստումներից մեկն էր: Ենթադրվում է, որ այն կդառնա ԱՄՆ-ի համար ամենածախսատար նախագծերից մեկը:
Կարծիքներ