Արցախի Չափար գյուղի 120 բնակիչ դիմել է ռուս բժիշկների օգնությանը
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Չափար գյուղի բնակիչներին: Այս մասին հայտնում է Звезда հեռուստաալիքը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահները կարիքավորներին են հասցրել ավելի քան 4 տոննա մարդասիրական օգնություն։
«Մարտակերտի շրջանի Չափար բնակավայրում իրականացվել է մարդասիրական-բժշկական ակցիա, որին մասնակցել է 27 ընտանիք՝ 11 բազմազավակ, 16 հարկադրյալ տեղահանված ընտանիք», – ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Նա հավելել է, որ ավելի քան 120 տեղի բնակիչ դիմել է ռուս զինվորական բժիշկների օգնությանը: Զինվորական բժիշկները թերապևտիկ, վիրաբուժական և ակնաբուժական օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և հարկադրյալ տեղահանվածներին:
Չափար գյուղի ներկայացուցիչ Էրիկ Թուվոնյանը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին սննդամթերքի մատակարարման և բուժօգնության համար:
«Մեր գյուղը բուժօգնության մեծ կարիք ունի, և մենք երախտապարտ ենք ռուս խաղաղապահներին», – ասել է Էրիկ Թուվոնյանը։
Նա նաև հավելել է, որ Չափարում ապրում է մոտ 400 բնակիչ, իսկ բուժհաստատությունում աշխատում է ընդհանուր պրակտիկայի մեկ բժիշկ և մեկ բուժքույր։ Թուվոնյանը նշել է, որ նաև չկան սարքավորումներ՝ ավելի որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Կարծիքներ