Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 30-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Բաղրամյան գյուղի 27-ամյա մի բնակիչ զենք-զինամթերք է պահում և տվյալների հաղորդման պահին նա գտնվում է պահին գյուղի դաշտերում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արտաշատի ոստիկանները 27-ամյա երիտասարդին գյուղի դաշտում հայտնաբերել, ձերբակալել և, ձեռքին եղած հրացանով հանդերձ, տարել են ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են «ՏՕԶ-34 ԵՌ» տեսակի ողորկափող որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, 12 մմ տրամաչափի 43 փամփուշտ և փամփուշտների պատյան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ բաղրամյանցի երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ