Հնդկաստանում «հանգուցյալ կնոջը» ողջ են հայտնաբերել թաղումից մեկ շաբաթ անց
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Բուլանդշահր քաղաքի բնակչուհին ոստիկանական բաժանմունք է ներկայացել իրեն «թաղելուց» մեկ շաբաթ անց: Այս մասին գրում է The Logical Indian կայքը:
Հուլիսի 27-ին Գազիաբադ քաղաքի ոստիկանները ճամպրուկում տեղավորած կնոջ մարմին են գտել: Սպանվածի ինքնությունը ճշտելու համար նրանք դիակի լուսանկարները տեղադրել են սոցիալական ցանցերում: Դրանից հետո ոստիկանության բաժանմունք է ներկայացել Ալիգարհ քաղաքի մի բնակչուհի և սպանվածի դիակը տեսնելով՝ ճանաչել իր 24-ամյա դուստր Վարիշային: Մարմինը տեղափոխել են Ալիգարհ և թաղել են հուլիսի 29-ին:
Վարիշայի ամուսինը` Ամիր Խանը, և նրա ծնողները պարբերաբար ծեծել և ստորացրել են Վարիշային օժիտի պատճառով: Հուլիսի 23-ին հերթական վեճից հետո կինը փախել է տնից: Խանին և նրա հարազատներին բանտարկել են օժիտի պատճառով սպանության համար:
Օգոստոսի 3-ին Վարիշան վերադարձել է Ալիգարհ: Պարզվել է, որ նա գնացել է Նոիդա քաղաք, որտեղ ժամանակին աշխատել է գործարանում, և մի քանի օր այնտեղ է մնացել: Վարիշան անձամբ գնացել է ոստիկանության բաժանմունք և պատմել իր պատմությունը: Այդ ժամանակ ոստիկանները հասկացել են, որ ճամպրուկում եղած մարմինը այլ կնոջ է պատկանում, իսկ Վարիշայի մայրը սխալվել է:
Վարիշայի ամուսնու, սկեսրոջ և սկեսրայրի դեմ սպանության մեղադրանքը չեղարկվել է, բայց նրանք շարունակելու են բանտում մնալ աղջկան ծեծելու և ստորացնելու համար:
«Մենք կշարունակենք հետաքննությունը՝ սպանվածի ինքնությունը ճշտելու նպատակով: Մեր աշխատակիցները պահպանել են հանգուցյալի ներքին օրգաններն ու ԴՆԹ-ն: Դա մեզ կօգնի ճշտել ճամպրուկում գտնված կնոջ ինքնությունը»,-ասել է տեղի ոստիկանության ղեկավարը:
Նա նշել է նաև, որ Վարիշայի մոր և եղբոր նկատմամբ սպանվածին սխալ ճանաչելու համար քայլեր ձեռնարկելու իրավունք ունեն:
Կարծիքներ