ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Դատախազությունում առկա թափուր պաշտոնները լրացնելու մասին օրենքի նախագիծը
Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանը։
Ըստ օրենքի նախագծի՝ առաջարկվում է կազմակերպել նաեւ արտահերթ բաց մրցույթ՝ դատախազությունում առկա թափուր աշխատատեղերը լրացնելու նպատակով։ Մրցույթը կարող է կազմակերպվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ:
Ինչպես ներկայացրեց Վարդանյանը՝ նախագծի նպատակը դատախազությունում առկա բազմաթիվ թափուր աշխատատեղերը լրացնելն է, քանի որ դրանք հիմա շատ են։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը ելույթից հետո առաջարկեց օրինագծում սահմանել հստակ ժամկետ, որպեսզի մարդիկ հասցնեն պատրաստվել մրցույթին, նաեւ՝ անարդարությունից խուսափելու համար։ Նա առաջարկեց սահմանել, որ գլխավոր դատախազի հանձնարարությունից հետո առնվազն մեկ ամիս անց լինի մրցույթը։ Նա սա հիմնավորեց, որ դատախազությունում կարող են մարդիկ ներքին կարգով իմանալ առաջիկա մրցույթի մասին, պատրաստվեն, իսկ մյուսները, որոնք չունեն նման աղբյուրներ, դուրս կման մրցակցությունից։
Օրինագծի հեղինակները համաձայնեցին քննարկել այս առաջարկը՝ միեւնույն ժամանակ ավելի հակված լինելով տարբերակին, որ դատախազությունը սահմանի այդ ժամկետները։
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայներով։
Կարծիքներ