Կրակոցներ՝ Աշտարակ քաղաքում. հայր ու որդի կասկածվում են նախկին ոստիկանին ծեծի ենթարկելու համար
Երեկ՝ օգոստոսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ Ալեք Մանուկյան փողոցի 23 շենքի բակում տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Աշտարակ քաղաքի բնակիչներ 45-ամյա Արայիկ Գ-ի, մյուս կողմում՝ 59-ամյա Գագիկ Վ-ի, 32-ամյա Նարեկ Վ-ի և 36-ամյա Ռոբերտ Վ-ի միջև, որի ժամանակ վերջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են արձակել Արայիկ Գ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պարզվել է նաև, որ այդ ժամանակ Արայիկ Գ.-ն իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել օդ: Ոստիկաններին հաջողվել է Նարեկ Վ-ին, Ռոբերտ Վ-ին և Արայիկ Գ-ին հայտնաբերել և տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գագիկ Վ-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ սկզբնաղբյուրի՝ Գագիկ Վ.-ն Նարեկի և Ռոբերտի հայրն է, իսկ Արայիկ Գ.-ն՝ ոստիկանության նախկին աշխատակից:
Կարծիքներ