Երիտասարդությունը եղել և մնում է հասարակությունների շարժիչ ուժը. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
«Հարգելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Երիտասարդությունը եղել և մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարևոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հատկապես 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, որի հաղթական առանցքում հենց երիտասարդությունն էր:
Արժևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ցանկանում եմ, միևնույն ժամանակ, արձանագրել, որ այն դեռևս իր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում մեր երկրի պետականաշինության գործընթացում: Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները բաց են ձեզ հուզող տարբեր խնդիրների քննարկումներով և պատրաստակամ՝ դրանց լուծումներ տալուն:
Սիրելի՛ երիտասարդներ, խորհուրդս է ձեզ՝ մշտապես ինքնակրթվել, լինել նպատակասլաց ու պահանջատեր քաղաքացի՝ ծառայեցնելով ձեռք բերված գիտելիքները հանուն մեր երկրի վառ ապագայի»,- նշվում է ուղերձում:
Կարծիքներ