Զինծառայող Գևորգ Ավետյանի մահվան դեպքով երկու անձ կալանավորվել է

Զինծառայող Գևորգ Ավետյանի մահվան դեպքով երկու անձ կալանավորվել է

 Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Այսինքն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար»,- գրել է Աբրահամյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնում է, որ նոյեմբերի 15-ին զինծառայող Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում ըստ նախնական տվյալների արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ:

Աբրահամյանը նշեց, որ կատարված նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայողների` Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար:
« Նույն օրն իսկ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ 2 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է, և նրանք կալանավորվել են»,- գրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում