Կորոնավիրուսի պատճառով զարգացած երկրներում 22 մլն աշխատատեղ է կրճատվել

Կորոնավիրուսի պատճառով զարգացած երկրներում 22 մլն աշխատատեղ է կրճատվել

Կորոնավիրուսի համավարակի պատճատով 22 մլն աշխատատեղ է կրճատվել աշխարհի մի շարք երկրներում: Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը՝ այս մասին հետևում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հաշվետվությունից:

Նշվում է, սակայն, որ ուսումնասիրության են ենթարկվել զարգացած երկրները, որոնք ընդգրկված են կազմակերպության կազմում, այդ իսկ պատճառով խոսել ողջ աշխարհում կրճատված աշխատատեղերի մասին անհնար է:

Հեղինակների կարծիքով՝ ներկա պահին աշխատանքի շուկան զարգացած երկրներում վերականգնվում է միայն կիսով չափ: Ամենից շատ տուժել են երիտասարդ և ցածր որակավորում ունեցող աշխատակիցները:

Կազմակերպությունը մի քանի առանձնահատկություն է նշել, որոնք բնորոշ են դարձել համաշխարհային աշխատաշուկային վերջին մեկուկես տարում: Զգալիորեն աճել է աշխատանքը կորցրած մարդկանց՝ առանց աշխատանքի մնալու ժամկետը: Պատճառն այն է, որ համավարակի ամեն մի ալիքի բարձրացմանը զուգահեռ բարդանում է զբաղվածության ապահովումը: Արդյունքում մարդիկ կորցնում են իրենց հմտություններն ու անհամապատասախան են դառնում անգամ թափուր աշխատատեղի ի հայտ գալուն պես:

Գործազրկության առավել մեծ աճ է գրանցվել սպասարկման ոլորտում, հատկապես՝ զբոսաշրջային: Միևնույն ժամանակ նշվում է, որ զբաղվածությունն աճել է ֆինանսական ոլորտում նույնիսկ համավարակի ամենաբարդ փուլերում, քանի որ բանկերի, հիմնադրամների և ներդրումային ընկերությունների աշխատակիցները հնարավորություն են ունեցել հեռավար աշխատելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում