ԱԻ նախարարը դրական արդյունքներ է սպասում Լիտվայի և Շվեդիայի հետ իրականացվող ծրագրից
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Փիլոյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել նախաձեռնողականության և «Թվինինգ» ծրագրի շրջանակում Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության գործում ներգրավվելու մեծ պատրաստակամության համար:
«Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագրի ընթացքը համավարկի, ապա նաև պատերազմի պատճառով գոհացուցիչ չէ, սակայն 2021թ.-ին ոչ միայն կլրացվի բացը, այլև ակնհայտ դրական արդյունքներ կգրանցվեն»,- ասել է Անդրանիկ Փիլոյանը և վստահեցրել, որ նախարարությունը բաց է ծրագրի շրջանակում ցանկացած ձևաչափով աշխատելու համար:
Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին՝ երկրի համար դժվարին ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ և կարծիք հայտնել, որ այսօր առավել քան կարևորվում է համագործակցությունը բնակչության համապարփակ պաշտպանության համակարգի զարգացման և ռիսկերի կառավարման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի նպատակների իրականացման ուղղությունները, դրանցում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունները: Հյուրերը վստահեցրել են, որ իրենք ևս պատրաստ են ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ բոլոր քննարկումներին:
Կարծիքներ