Նախատեսվում է ՊՊԾ-ում ԱԱԾ-ում, ստեղծվելիք ՆԳՆ-ում աշխատավարձերն ատեստավորմամբ մինչև 100 տոկոսով բարձրացնել

Նախատեսվում է ՊՊԾ-ում ԱԱԾ-ում, ստեղծվելիք ՆԳՆ-ում աշխատավարձերն ատեստավորմամբ մինչև 100 տոկոսով բարձրացնել

Քննարկումներ են ընթանում Պետական պահպանության ծառայությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով աշխատավարձերը մինչև 100 տոկոսով բարձրացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որով նախատեսվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ դարձնելով վարչապետին ենթակա առանձին մարմին:  

Հիշեցնելով Ներքին գործերի նախարարության ստեղծման մասին՝ Գրիգորյանն ասաց, որ անվտանգության մարմինները միավորում են և փորձում տեղավորել մեկ կառույցի մեջ: Բայց կան դեպքեր, երբ փորձում են առանձնացնել համակարգի մաս կազմող մարմինները՝ բարձրացնելու նրանց արդյունավետությունն ու նրանց անվտանգության ապահովման կարողությունները: Եվ առանձնացող մարմիններից մեկն էլ հենց Պետական պահպանության ծառայությունն է:«ԱԱԾ-ին հնարավորություն ենք տալիս, որ վերջինս կենտրոնանա հիմնական երեք ուղղությամբ աշխատանքների վրա՝  հակահետախուզություն, հակաահաբեկչություն ու սահմանադրական կարգի պահպանում»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ բարեփոխումների տրամաբանության շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: «2018 թվականից սկսած՝ մենք մի անգամ աշխատավարձը համընդհանուր բարձրացրել ենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բարեփոխումը կամ աշխատավարձերի բարձրացումն ավելի արդյունավետ կլիներ, եթե մենք բարձրացնեինք՝ հիմքում ունենալով անհատական ջանքը: Եվ ՊՊԾ-ի, ԱԱԾ-ի, ինչպես նաև ՆԳՆ-ի ստեղծման շրջանակներում այս պահին քննարկումներ են ընթանում: ԱԽ գրասենյակը բոլոր այս կառույցների հետ քննարկում է ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը մինչև 100 տոկոսով բարձրացնելու հարցը»,-ասաց Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում