Այժմ 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտնեց, որ Հայաստանում 2021 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումները փոխվել են. 2021 թվականի համար պետական բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց կանխատեսումները վերանայվում են դեպի վերև:
Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: «Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրականացնում են պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, ու այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում »,-ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը 683 մլրդ դրամ էր: «Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտ 697,7 մլրդ դրամ ու այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի ընթացքում ունենք 52,5 մլրդ դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: 2020-ին նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019-ին 52 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 49 մլրդ դրամ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այս տարվա առաջին կիսամյակում 24 մլն հատով ավելի շատ գործարքներ են կատարվել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:
Կարծիքներ