Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ դեսպանը Շեֆիկ Ջաֆերովիչին է ներկայացրել ՀՀ տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Հոկտեմբերի 21-ին Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ջաֆերովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունը` ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը։
Դեսպանը շնորհավորեց Բոսնիա և Հերցեգովինային՝ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հեռանկարի համար: Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Արցախյան պատերազմին հաջորդած իրողությունները, ներկայիս իրավիճակը ու առկա մարտահրավերները, ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները։
Ի պատասխան Ջաֆերովիչը նշեց, որ Բոսնիա և Հերցեգովինան մշտապես եղել է ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների համաձայն հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից:
Արարողությունից առաջ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳՆ արարողակարգի վարչության տնօրեն Էնսար Էմինովիչին: ՀՀ դեսպանին ընդունեց նաև երկկողմ հարաբերությունների գծով նախարարի փոխտեղակալ Լյուբո Գրկովիչը, որի հետ քննարկվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման հեռանկարները, մասնավորապես, երկու նախարարությունների միջև առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
ՀՀ դեսպանն այցելեց Սարաևոյի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Բենյամինա Կարիչի հետ Երևանի և Սարաևոյի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Կարծիքներ