ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատում է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատում է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Անտոնի Բլինկենը վերահաստատում է Բայդենի խոստումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս մասին նա ասել է պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ սենատոր Մարկեյի հարցին:

Հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Armenian Assembly of America): «Որպես նախագահի թեկնածու, Նախագահ Բայդենը իր Հիշատակի օրվա հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգությունը չկրկնվի։ Վարչակազմը որոշելու է Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը`Հիշատակի օրը պաշտոնապես նշելու և այս կարևոր հարցի շուրջ խորհրդակցելու է Կոնգրեսի հետ»:

Բլինկենը շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը`գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: 

«Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման համատեքստում Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը»,-ասել է Բլինկենը:

Բլինքենը նաև պարտավորվել է աշխատել հայ ժողովրդի հումանիտար կարիքների (պատերազմի պատճառով) բավարար ապահովման ուղղությամբ և ընդգծել է իր ուժեղ աջակցությունը «ԱՄՆ ֆինանսավորում ականազերծման ջանքերի համար Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, Բլինկենը նշել է, որ սատարում է «Հայաստանի անվտանգության աջակցության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, ինչպես նաև տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրումանը. «այդ երկուսն էլ կօգնեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունն ու կայունությունը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում