Պուտինը խոսել է իր իրավահաջորդի մասին
Ռուսաստանում մեկ ժամվա ընթացքում ոչինչ չի փլուզվի, երբ երկրում փոխվի նախագահը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Պուտինը խոսել է 2000-ականներին Ռուսաստանում տիրող ծանր վիճակի մասին՝ նշելով, որ այս ընթացքում շատ բան է փոխվել։
«Հիմա իրավիճակն այլ է։ Հիմա շատ խնդիրներ կան, բայց իրավիճակը բոլորովին այլ է: Մի օր հաստատ իմ փոխարեն կգա մեկ այլ անձ: Եվ ինչո՞ւ պետք է փլուզվի այս ամենը: Մենք պայքարել ենք միջազգային ահաբեկչության դեմ, փառք Աստծո, մենք արմատախիլ ենք արել այն: Դա պետք է նորից վերակենդանանա՞: Կարծում եմ`ոչ: Այլ հարց է, որ քաղաքական ասպարեզում կարող են հայտնվել տարբեր մարդիկ՝ տարբեր հայացքներով։ Շատ լավ է։ Գիտեք, ես այնքան եմ իմ ճակատագիրը կապել երկրի ճակատագրի հետ, որ ինձ համար այլ կյանք չկա, չկա ավելի նշանակալից խնդիր, քան Ռուսաստանի ուժեղացումը»,-ասել է Պուտինը:
Պուտինը վստահեցրել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի այնպիսի մարդու, որը նվիրված է երկրին, պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի՝ անկախ իր հանդեպ վերաբերմունքից։
«Եթե տեսնեմ, որ մարդը, նույնիսկ եթե նա քննադատաբար է վերաբերվում իմ գործունեության որոշ ոլորտների, բայց եթե տեսնեմ, որ նա կառուցողական հայացքներ ունեցող անձնավորություն է, նվիրված է երկրին, պատրաստ է հայրենիքի զոհասեղանին դնել ոչ թե պարզապես տարիները, այլ իր ամբողջ կյանքը, անկախ նրանից, թե ինչպես է նա վերաբերվում ինձ անձամբ, ես կանեմ ամեն ինչ, որ նման մարդիկ աջակցություն ստանան»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ վաղ թե ուշ բոլորին փոխարինող կգտնվի:
«Դա բնական, կենսաբանական գործընթաց է՝ բոլորիս էլ փոխարինող կգտնվի՝ թե՛ Ձեզ՝ Ձեր տեղում, թե՛ ինձ՝ իմ տեղում։ Բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանի պետականության, Ռուսաստանի տնտեսության և քաղաքական համակարգի հիմքերը կլինեն այնպիսին, որ այն ամուր կկանգնի ոտքերի վրա և վստահ կնայի ապագային»,-ասել է ՌԴ նախագահը:
Լրագրողը նաև հարցրել է՝ արդյոք Պուտինն իր ապագա իրավահաջորդից պաշտպանության անձնական երաշխիքներ կակնկալի, ինչպիսին ժամանակին ինքն էր առաջարկել պաշտոնաթող նախագահ Բորիս Ելցինին:
«Ես նույնիսկ չեմ մտածում այդ մասին, դրանք ընդհանուր առմամբ երրորդական նշանակության հարցեր են։ Ամենակարևորը երկրի ու ժողովրդի ճակատագիրն է», – եզրափակել է Պուտինը։
Կարծիքներ