Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրք զինվորականների ծառայության ժամկետն Ակնայում
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած այն օրինագիծը, ըստ որի՝ 1 տարով ևս երկարաձգվում է թուրք զինվորականների ծառայության ժամկետն Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ակնայում (Աղդամ): Այն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։
Օրինագծում նշվել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ձևավորած համատեղ կենտրոնը, որտեղ ծառայում է Թուրքիայի զինուժի անձնակազմը, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։
ըստ ermenihaber-ի՝ շեշտվել է, թե իբր Թուրքիան այդ համատեղ կենտրոնի միջոցով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը և կողմերի միջև վստահության ձևավորմանը, իսկ թուրք զինվորականների մանդատի երկարաձգումը տարածաշրջանում Թուրքիայի արդյունավետ և կառուցողական դերի և ազգային շահերի պահանջն է։
Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Ադրբեջանում Համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին։
Կարծիքներ