Վաղը Տոկիոյում տեղի կունենա 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Վաղը՝ հուլիսի 23-ին, Երևանի ժամանակով 15․00-ին Տոկիոյի ազգային մարզադաշտում պետք է տեղի ունենա 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:Հաղորդում է ՀԱՕԿ-ը։
Միջոցառման սցենարը դեռևս հայտնի չէ: Մի բան պարզ է. այն օլիմպիական խաղերի պատմությունում ամենաանաղմուկ արարողությունը կլինի, կանցկացվի դատարկության և լռության մեջ, քանի որ չեն լինի հանդիսականներ:
Ենթադրվում էր, որ ներկա կլինեն շուրջ 10 հազար պաշտոնյաներ և հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ, բայց ժամեր առաջ հայտնի դարձավ, որ նրանց թիվը նվազել է, դարձել է ընդամենը 950 : Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան:
Կրճատվել է նաև շքերթի մասնակիցների թիվը: Նակամուրան, խոսելով այդ մասին ստույգ քանակը չի ասել:
Այուամենայնիվ, ամեն բանից անկախ, նախապես կազմված ծրագրով, յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր (մեկական կին և տղամարդ): Դա ՄՕԿ-ի նորամուծությունն է: Այս խաղերն անցկացվում են գենդերային հավասարության նշանաբանով: Այդ նպատակով ծրագրում ավելացել է կանանց մրցաձևերի և խառը մրցումների քանակը:
ՄՕԿ-ն ընդհանրապես ցանկանում է հասնել բացարձակ հավասարության: Դա գործնականում կիրառվելու է: Այսպես. Տոկիոյի համաշխարհային գլխավոր մարզահանդեսում ընդգրկված են պատմության մեջ ամենաշատ կին մարզիկները, նրանք կազմում են մասնակիցների 48, 8 տոկոսը:
Փոփոխություններ են կատարվել երդման արարողությունում: Տեքստը արտասանելու են ոչ թե երեք հոգի (մարզիկ, մրցավար և մարզիչ), այլ վեցը ՝ յուրաքանչյուր անվանակարգում մեկական տղամարդ և կին: Ի դեպ, հենց երդման տեքստում ավելացվել են հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին բառերը:
Արարողության կարգախոսն է՝ «Միավորված հույզերով»: Կազմակերպիչները ցանկացել են ուղերձ հղել ամբողջ աշխարհին, որ խաղերը կարող են նոր հույս և ոգեշնչում բերել մարդկանց՝ մարզիկների ակտիվ մասնակցությամբ և սպորտի ուժի միջոցով:
Արարողության մանրամասները հայտնի չեն: Օրինակ՝ հայտնի չէ, թե ով է վառելու օլիմպիական կրակը:
Շքերթի ընթացքում պատվիրակությունները մուտքը ստադիոն կլինի ճապոնական այբուբենով:
Հունաստանի մարզիկներից անմիջապես հետո, որն ավանդաբար առաջինն է լինում որպես խաղերի նախահայր, կանցնի փախստականների հավաքականը:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և պաշտոնապես կհայտարարի մեկնարկի մասին:
Կարծիքներ