Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն դատական համակարգի լուրջ խնդիր է համարում գերծանրաբեռնվածությունը

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն դատական համակարգի լուրջ խնդիր է համարում գերծանրաբեռնվածությունը

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը դատաիրավական համակարգի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը համարում է դատական բոլոր ատյանների գերծանրաբեռնվածությունը:

Այս մասին Թադևոսյանն ասաց Ազգային ժողովում իր ընտրության հարցի քննարկման ժամանակ՝պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Դատաիրավական բարեփոխումները հարատև գործընթաց են, և չեմ պատկերացնում մի ժամանակահատված, որ մենք կարող ենք ազդարարել, որ դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն չկա:  Այսօր թիվ մեկ խնդիրը, որը կանգնած է դատաիրավական համակարգի առջև և բարեփոխման լուրջ կարիք ունի, դատական իշխանության, դատական բոլոր ատյանների գերծանրաբեռնվածությունն է»,- ասաց Թադևոսյանը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001 թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում