Ոստիկանները բացահայտել են Էջմիածնում կատարված դանակահարությունը
Դեկտեմբերի 30-ի գիշերը Էջմիածին քաղաքում դանակահարություն էր եղել։ Կատարվածի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկացան ժամը 3-ի սահմաններում՝ բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնում էր, որ 18-ամյա մի դանակահարված երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցից են նրան բժշկական կենտրոն հասցրել։ Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները նշված փողոց մեկնեցին, ճշտեցին` դեպքը որտեղ, ինչ հանգամանքներում է եղել: Պարզվեց՝ ժամը 2-ի սահմաններում, տուժողն իրենց բակում վեճի էր բռնվել Էջմիածնի Կուրղինյան փողոցի 18-ամյա մի բնակիչ հետ, որն էլ վեճի ընթացքում դանակահարել էր նրան։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ նույն օրը կասկածվողը հայտանաբերվեց և ներկայացվեց նախաքննական մարմնին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Միջոցառումներ են ձեռնարկվում դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
18-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ