Կառավարությունը զինծառայությունից ազատեց գիտության ոլորտում առաջընթաց գրանցած Մառլեն Յոլչյանին
Կառավարության որոշմամբ 1994 թվականին ծնված Մառլեն Արթուրի Յոլչյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ըստ հիմնավորման, որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Մառլեն Յոլչյանը կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ ստանալով տարկետում՝ ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտում որպես գիտաշխատող-մաթեմատիկոս:
«2020 թվականի օգոստոսի 20-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ինքնահամընկնող և գերզուգորդական հանրահաշիվներ» թեմայով:
Աշխատում է «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտի «Մաթեմատիկական երկրաֆիզիկայի և երկրատեղեկատվության» լաբորատորիայում, որպես գիտական հետազոտող և իրականացնում է հետազոտություններ երկրաշարժերի կանխատեսման ոլորտում՝ օգտագործելուվ աբստրակտ հանրահաշվի ոլորտում իր ատենախոսությունոււմ մշակված նոր մոտեցումները, դիսկրետ մաթեմատիկական վերլուծության հայտնի արդյունքները, ինչպես նաւ մեքենայական ուսուցման, կերպարների ճանաչման և արհեստական բանականության ժամանակակից, կլաստերիզացիայի նորարական ալգորիթմները:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
Այս որոշումը Յոլչյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտում»,- ասված է հիմնավորման մեջ:
Կարծիքներ