Հավաքների ազատության իրավունքը լեգիտիմ է, քանի դեռ այն խաղաղ է և առանց զենքի․ Վլադիմիր Վարդանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին:
«Որպես ՀՀ Ազգային ժողովի պետական֊իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ չեմ կարող չանդրադառնալ այսօր տեղի ունեցածին։
ՀՀ Սահմանադրության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք։ Հավաքների ազատության իրավունքը լեգիտիմ է, քանի դեռ այն խաղաղ է և առանց զենքի ու չի ոտնձգում Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով պաշտպանվող այլ ժողովրդավարական արժեքների իրագործմանը։
Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով: ՀՀ֊ում օրենքով արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։ Հետևաբար, հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, ինչպես նաև չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
Արձանագրենք, որ Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Ընդ որում, եթե հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում, Ոստիկանությունը իրացնում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորությունը՝ նույնիսկ առանց դրա մասին նախազգուշացնելու։
Ի դեպ, վերը նշվածը սոսկ մեջբերումներ են ՀՀ Սահմանադրությունից, Եվրոպական կոնվենցիայից և ՀՀ գործող օրենսդրությունից։ Հավաքի բնույթի, բռնության կոչերի, զանգվածային անկարգությունների, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ։
Քաղաքացիներին հորդորում եմ մնալ բացառապես սահմանադրաիրավական տիրույթում, առաջնորդվել այն գիտակցմամբ, որ ժողովրդավարությունն անբաժանելի է իրավունքի գերակայությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից, որոնք հանդես են գալիս եռամիասնության մեջ, իսկ Ոստիկանությունից և իրավապահ մարմիններից պահանջում եմ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով շարունակել պատշաճորեն կատարել իրենց իրավաչափ պարտականությունները, օրենքի ողջ խստությամբ արձագանքել ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի դրսևորմանը՝ ապահովելով սահմանադրորեն պաշտպանվող արժեքները։
Հ.Գ. Արագ ապաքինում եմ մաղթում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք այսօր վնասվածքներ են ստացել»,- գրել է նա։
Կարծիքներ