Ծառերի ապօրինի հատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպահպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել անտառապետին, ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ չեն կատարել:
Մասնավորապես, նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի հետևանքով հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30․000.000 ՀՀ դրամի չափով վնաս։
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք:
Դատախազը քրեադատավարական օրենքի տիրույթում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ