Զոհված զինծառայողների ամուսինները եւ ծնողները կկարողանան օգտվել բուհ-ում անվճար սովորելու հնարավորությունից
Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Այն քննարկվել էր նաեւ այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ եւ հավանության արժանացել ներկա բոլոր պատգամավորների կողմից։
Նշենք, որ նախկին կարգավորմամբ սահմանվում է, որ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ իրականացվում է ընդհանուր մրցույթից դուրս, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Տվյալ դեպքում օրենքով նշված զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներ, ամուսին, զրկված են ուսման արտոնություններից։ Այս կարգավորմամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը առաջարկել է ներառել այս ցանկում նաեւ զոհված զինծառայողների ծնողներին, ամուսնուն կամ կնոջը։
Հովսեփյանը իր ելույթում նշեց, որ մինչեւ սույն տարվա սեպտեմբեր ամիսը կուսումնասիրի նաեւ, թե քանի զոհված զինծառայողի քույր կամ եղբայր է սովորում բուհում, որից հետո կառաջադրի օրինագծի հավելում։ Նա հույս հայտնեց, որ մինչեւ 2021 թվականի ուսումնական տարվա մեկնարկը այդ ցանկում կներառվեն նաեւ զոհված զինծառայողների քույրերը, եղբայրները։
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայներով
Կարծիքներ