«Նոր Զովք» և «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ների կողմից հայտարարագրվել է ընդհանուր 5․1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2023 թվականի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էին հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները:
Սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման և կոմիտեի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաստատվել են իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները:
2023 թ. մայիս և հունիս ամիսներին արդեն իսկ առանձին կազմակերպությունների կողմից համալիր հարկային ստուգումների ընթացքում ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «Նոր Զովք» ՍՊԸ-ի գծով առաջացել է շուրջ 4.0 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ի գծով` 1.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` այլ հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են:
Կարծիքներ