Գորիսի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը․ ապօրինի պահվող ինքնաձիգը հայտնաբերվել է
ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին զանգահարել է Գորիս քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները:
Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Գորիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ