Ընտրատեղամասերում գործընթացների նկատմամբ վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում. ԿԸՀ անդամ

Ընտրատեղամասերում գործընթացների նկատմամբ վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում. ԿԸՀ անդամ

Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամասերում գործընթացների նկատմամբ վերահսկողության մեծ հնարավորություններ ունեն և վստահված անձինք, և դիտորդները, և ԶԼՄ ներկայացուցիչները, և հանձնաժողովի անդամները։ Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը։

«Վերահսկողության լայն մեխանիզմներ են գործում ընտրական տեղամասերում գործընթացների նկատմամբ՝ հանձնաժողովի անդամների կողմից (տարբեր կուսակցություններ են ներկայացնում), վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների, տեսանկարահանող սարքերը տեղադրված են բոլոր մեծ տեղամասերում։ Օրվա ընթացքում, բացի մեր կողմից տեղադրված տեսախցիկներից, վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչները հեռարձակում են իրականացնում տեղամասերից, վերահսկում են բոլորին»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ ԿԸՀ անդամի՝ ինչ-որ խախտումների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են վայրկյանների ընթացքում, և վերահսկողությունը ավելի արդյունավետ է դառնում։
«25 քաղաքական ուժերից  յուրաքանչյուրը երկուական վստահված անձ կարող է ունենալ տեղամասում։ Մի քանի վստահված անձ պարտադիր տեղամասերում կան։ Օրվա վերջում հստակ կլինի վստահված անձանց ընդհանուր թիվը։ Գիտեք, որ քվեարկության արդյունքների ամփոփմանը կարող են մասնակցել թեկնածուները»,- եզրափակեց Մարտիրոսյանը։
Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 50 և տեղական 68 լրատվամիջոցներ: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում