Կալանքի երկարաձգման միջնորդությունը չբավարարվելու արդյունքում մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել

Կալանքի երկարաձգման միջնորդությունը չբավարարվելու արդյունքում մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել

Կալանքի երկարաձգման միջնորդությունը դատարանի կողմից չբավարարվելու արդյունքում ազատության մեջ հայտնված մեղադրյալը նոր հանցագործություններ է կատարել և թաքնվել քննությունից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

2021թ. ընթացքում կնոջ նկատմամբ մի քանի անգամ բռնություններ կիրառելու, ծանր վիրավորանք հասցնելու, սպանելու սպառնալիքներ հասցնելու, ընտանեկան բռնության հետ կապված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն մեկ վարությում քննվող քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 25-ին Ս. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով ( Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը), 137․1-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) և 353․1-րդ հոդվածով (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը) առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2021թ. դեկտեմբերի 15-ին քննիչի կողմից մեղադրյալ Ս. Գ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը  բավարարվել է մասնակիորեն և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել՝ մինչև 2022թ հունվարի 25-ը:

Դրանից հետո հայտնաբերված ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը), 3-րդ (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), 4-րդ (անչափահասի նկատմամբ) և 6-րդ(երկու կամ ավելի անձանց նկատմամբ) կետերի հատկանիշներով 2022թ. հունվարի 14-ին հարուցվել է քրեական գործ, միացվել Ս. Գ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործին և վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը  դատարանի 2022թ. հունվարի 21-ին կայացված որոշմամբ մերժվել է:

Այս որոշմամբ թեև դատարանն արձանագրել է, որ հիմնավոր է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը մեղադրյալի կողմից, ազատության մեջ մնալու դեպքում, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկը, ինչը հիմնավորվում է նրանով, որ անձը իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարել է դեռևս 2020թ. հունիսի 11-ի դատավճոով սահմանված փորձաշրջանի ընթացքում, սակայն կալանավորման մյուս հիմքերը բավարար չի համարել: Այդ թվում դատարանը ենթադրություններ է որակել մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության մասին քննիչի ներկայացրած փաստարկները:

Արդյունքում Ս.Գ.-ն 2022թ. հունվարի 25-ին ազատ է արձակվել կալանավայրից։

Այս որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը 2022թ.մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է, դաատական ակտը դեռևս դատախազությունում չի ստացվել:

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի նշված որոշմամբ մերժվելուց հետո, սակայն, փետրվարին, նախ մեղադրյալի կինն է հաղորդում տվել այն մասին, որ իր բնակարան է եկել նախկին ամուսին Ս. Գ.-ն, վիճաբանել իր հետ, ձեռքով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա մի քանի օր անց նաև կնոջ ազգականն է հաղորդում տվել, որ Ս.Գ.-ն տանից ստիպողաբար փորձում է տանել կնոջը:

Նախապատրաստված նյութերով այս նոր դեպքերի կապակցւթյամբ ևս հարուցվել են քրեական գործեր, ուղարկվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն և միացվել Ս.Գ.-ի վերաբերյալ քննվող բազմադրվագ գործին:

2022թ. փետրվարի 19-ին վերջինիս առաջադրված մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 137-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը), 353.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ(Մարդուն առևանգելը), 3-րդ,(զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) 4-րդ (անչափահասի նկատմամբ) և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 118-րդ հոդվածով (երկու դրվագ) (Ծեծը),  147-րդ հոդվածի 2-րդ մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 176-րդ հոդվածի 1-ին մասով (Կողոպուտը), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ (անչափահասին առևանգելը) և 6-րդ կետերով (առևանգելը 2 և ավելի անձանց)։

Պարզվել է, որ մեղադրյալը նաև թաքնվել է քննությունից: 2022թ. փետրվարի 25-ին վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2022թ. ապրիլի 5-ին մեղադրյալը հայտնաբերվել է, նրան առաջադրվել մեղադրանք, կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում