Ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները, իրականացվելիք ծրագրերը
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի hամատեղ նիստում ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ: 22 ծրագրի շրջանակում կիրականացվի 140 միջոցառում: 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ 125 մլրդ 663 մլն դրամը՝ ընթացիկ ծախսերին:
Նախարարի խոսքերով՝ տրանսպորտի ոլորտին բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 116 մլրդ 642 մլն դրամ: Կիրականացվի 3 ծրագիր, 31 միջոցառում: Ամենախոշորը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որին կհատկացվի 115 մլրդ 117 մլն դրամ: Մեկ այլ ծրագրով էլ նախատեսվում է Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցում և երկկողմանի երթևեկության ապահովում: Կշարունակվի Բագրատաշեն անցման կետի տարածքում կամրջի կառուցումը, որի համար բյուջեից կհատկացվի 1.3 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանային հատվածում:
Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագիր, 41 միջոցառում իրականացնելու համար կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ: Գումարի հիմնական մասը կուղղվի «Ոռոգման համակարգերի առողջացման» ծրագրին: Նախատեսվում է 185կմ երկարությամբ ոռոգման ցանցերի հիմնանորոգում և 15կմ նոր ցանցի կառուցում: ԵՄ աջակցությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 17 բնակավայրերում կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվի ու կկառուցվի 17 ջրամբար, ինչպես նաև կվերանորոգվի 4 ջրամբար:
Էներգետիկայի բնագավառին ուղղված հատկացումը 49 մլրդ 425 մլն դրամ է: Նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր և 10 միջոցառում: Ամենամեծը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց/ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» ծրագիրն է՝ բաղկացած 3 բաղադրիչից:
Կարծիքներ