ՀՀ ԱԺ Հայաստան֊Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

ՀՀ ԱԺ Հայաստան֊Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահի հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան֊Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Այսօր պատվիրակության ղեկավար Սոնա Ղազարյանի, բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանի, Ծովինար Վարդանյանի և Նիդեռլանդներում ու Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ հանդիպումներ ունեցանք խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենի, Արտաքին և եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենի և հանձնաժողովի՝ բոլոր խմբակցությունները ներկայացնող անդամների հետ։

Քննարկեցինք երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը առնչվող մի շարք հարցեր։ Անխտիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Այս մոտեցումը ամրագրված է նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած երեք բանաձևերում, որոնցից վերջինում խորհրդարանն առաջարկել էր կառավարությանը թույլ չտալ խորացնել ԵՄ֊Ադրբեջան հարաբերությունները (խոսքը վերաբերում է ԵՄ֊Ադրբեջան նոր երկկողմ համաձայնագրին, որն այդպես էլ չստորագրվեց) այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց»,- հայտնել է Արման Եղոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում