Հայ-ադրբեջանական սահմանի 3 անցակետ գրեթե պատրաստ է, բայց Ադրբեջանը դեռևս դրանցից օգտվելու մասին չի տեղեկացրել․ Բադասյան
Հայկական կողմը կատարել է ապաշրջափակմանն ուղղված իր քայլը, սակայն մինչև այս պահը անցակետերի օգտագործման համաձայնություն չի ստացել Ադրբեջանի իշխանությունից:
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է, այսինքն՝ բնականաբար, որոշ դետալներ, միգուցե թերություններ կլինեն այդ մասով շտկում անելու, բայց, ինչպես հայտարարել ենք, պատրաստ ենք, եթե մյուս կողմը պատրաստ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, մենք պատրաստ ենք»,-տեղեկացրել է Բադասյանը:
Հայ-ադրբեջանական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումն իրականացնելու նպատակով երեք անցակետ գրեթե պատրաստ է: ՀՀ կառավարության որոշման նախագծով այդ անցակետերը կգործեն Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում:
«Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը, միանշանակ, Կառավարության համար ընդունելի օրակարգ է, և դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ապահովենք դա: Եթե խնդիրն ապաշրջափակումն է, բնականաբար Հայաստանը կողմ է դրան,-ասել է ՊԵԿ նախագահը։
Բադասյանը նաև լրագրողներին տեղեկացրել է, որ անձամբ ինքը դեմ չէ թուրքական ապրանքների ներմուծմանն ու այս հարցում որևէ խնդիր չի տեսնում։ Առևտուր անելը, ըստ ՊԵԿ նախագահի, նորմալ է և սահմանափակումների կարիք չկա։
Կարծիքներ