Չախոյանից 3 մլն դրամ պահանջող Արա Սաղաթելյանը դատարան չի ներկայացել, հայցը թողնվել է առանց քննության
2020 թվականին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Նարեկ Ալոյանը հայտարարել էր, թե Տարոն Չախոյանի դեմ հայց կներկայացնեն 3 միլիոն դրամի պահանջով։
Փաստաբանի խոսքերով՝ Չախոյանն իբրև Արա Սաղաթելյանին զրպարտող և վիրավորող տեղեկություններ էր հրապարակել, ինչի առնչությամբ էլ պատրաստվում էին դատական հայց ներկայացնել՝ հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջներով։
Բացի այդ, ըստ փաստաբանի, Չախոյանից գումար էին պահանջելու. զրպարտության համար՝ 2 միլիոն դրամի, վիրավորանքի համար՝ 1 միլիոն դրամի չափով։ Այդ գումարներն էլ իբրև ուղղելու էին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
«Հայկական ժամանակ»-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արա Սաղաթելյանը ներկայացրել է հայցը՝ ընդդեմ Տարոն Չախոյանի՝ հրապարակայնորեն արտահայտած զրպարտության և վիրավորանքի համար քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Հայցն ընդունվել է վարույթ։ Միաժամանակ Սաղաթելյանը պահանջել էր Չախոյանի գույքի վրա արգելանք դնել, սակայն դատարանն այս պահանջը մերժել է։
Այնուհետև դատարանը 7 դատական նախնական նիստեր է նշանակել, որոնցից ոչ մեկին ո՛չ Արա Սաղաթելյանը և ո՛չ էլ վերջինիս փաստաբանը չեն ներկայացել՝ չպնդելով ու չհիմնավորելով Չախոյանի դեմ ներկայացրած իրենց իսկ հայցը։
Արդյունքում՝ 2023 թվականի հուլիսի 16-ին դատարանը որոշում է կայացրել գործը թողնել առանց քննության։
Կարծիքներ