Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը․ «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կուզենամ ներկայացնել մեր մարզն ու պատմել Շիրակի մասին։ Հայաստանի ամենահյուսիսային, միևնույն ժամանակ հյուրասեր ու հումորով, հետաքրքիր մարզերից մեկն է Շիրակը։ Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, մեր քաղաքը մշակույթի մայրաքաղաք է համարվում։ Այն հիասքանչ ճարտարապետություն ունի, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, ինչպես նաև մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։ Մեր երկրները դարավոր բարեկամության ու գործընկերության ճանապարհ են անցել և այժմ էլ հայ-իրանական հարաբերություններն ընթանում են դինամիկ զարգացման ճանապարհով»։
Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ և անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է, երբ մարզային իշխանությունները հոգացավ են ու պատրաստակամ համագործակցելու և քննարկելու համատեղ ծրագրեր․ «Պարոն Մուրադյան, շատ ուրախ եմ հանդիպման համար, կարևոր է, երբ կա համագործակցության պատրաստակամություն։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մեր երկրները դարավոր բարեկամներ են և մենք պետք է ուժերի ներածին չափով անենք հնարավորը դրանց ամրապնդման նպատակով»։
Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել կրկին հանդիպելու՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու համար։
«Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների և հնարավորությունների շրջանակում կանի հնարավորը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործնական ծրագրեր նախանշելու, քննարկելու և իրականացնելու առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, բաց ենք քննարկումների ու երկխոսության համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ավարտին Մուշեղ Մուրադյանը հուշանվերներ է հանձնել պատվիրակության անդամներին։
Կարծիքներ