«Մհերի արածը դեպի նորմալ երկիր, դեպի նորմալ ազգի կարգավիճակ վերադարձի առաջին քայլն էր». Ալեն Սիմոնյանին վիրավորած կանադահայ դաշնակցականը ոգեշնչվել էր Մհեր Սահակյանի գործած խուլիգանությամբ՝ միջադեպից 1 օր առաջ ողջունելով այն
Կանադահայ դաշնակցական Կարեն Մկրտչյանը, որը Կասկադում վիրավորել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, միջադեպից մեկ օր առաջ կիսվել էր մեկ այլ դաշնակցականի՝ պատգամավոր Մհեր Սահակյանի բռունցքի լուսանկարով, և նրա գործած խուլիգանությունը ողջունող գրառում արել: Այս մասին հայտնում է Civic.am-ը:
«Իշխանական լծակների միապետական զավթումն ու օրենքի կողմնակալ կիրառումը բնականաբար ծնում է ուժային հակազդեցություն: Նորմալ երկրում հայրենիք հանձնողները երբե՛ք, մի րոպե իսկ հանգիստ չպետք է քայլեին: Մհերի արածը դեպի նորմալ երկիր, դեպի նորմալ ազգի կարգավիճակ վերադարձի առաջին քայլն էր»,- գրել էր կասկադներում զբոսնող, հայրենիքի պաշտպանությանը չմասնակցած, ՊՆ եռամսյա հավաքներին վստահաբար չմասնակցող Մկրտչյանը: Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում մարտնչող ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը խուսափել է բանակում ծառայելուց։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել նրան և վազելով փախել հանձնաժողովի սենյակից, ինչից հետո Վարդանյանը տեղափոխվել էր հիվանդանոց, և կար դնելու անհրաժեշտություն էր առաջացել։ Իսկ հաջորդ օրը Կարեն Մկրտչյանը, ոգևշնչված իր կուսակցականի արարքից, քաղաքում զբոսնող Ալեն Սիմոնյանին տեսնելով՝ նրա ուղղությամբ գոռացել էր դավաճան, և հետո հայտարարել, թե Ալեն Սիմոնյանը թքել է իր երեսին։
Երևանի կենտրոնի զբոսայգիներում ու խորհրդարանում մարտնչող դաշնակցականներին թերևս պետք է կտրել լոկալ մարտերից ու անհապաղ ներառել ՊՆ եռամսյա հավաքներին և ուղարկել սահման՝ հայրենիքը պաշտպանելու։
Կարծիքներ