Ֆրանսիան կարևորում է Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ արցախա-ադրբեջանական պատերազմից հետո իրենց համար կարևորագույն հարցերից է եղել Արցախի մշակութային ժառանգության պահպանումը:
Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Պատերազմի վերջում, դրան նախորդող օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել էր հատուկ ժողով հենց մշակութային ժառանգության վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Իհարկե, մենք շատ ենք ցանկանում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա արդյունավետ ձևով և կարճ ժամկետներում ուսումնասիրություններ կատարել տարածաշրջանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարն էլ փաստում է, որ այդ ուսումնասիրությունները դեռևս չեն կատարվել, ինչի համար մենք շատ ցավում ենք»,- նշեց դեսպանը և հավելեց, որ բոլոր դեպքերում Ֆրանսիան ամեն ինչ անելու է մշակութային ժառանգության շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու առումով:
Անդրադառնալով Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային կենտրոնի ղեկավար Շառլ Պերսոնայի Հայաստան այցին՝ Լաքոտը շեշտեց, որ նպատակը մեկն էր՝ օգնել հայերին մշակութային ժառանգության ցանկ և տվյալների համակարգված բազա ստեղծելու հարցում:
«Նա նաև այստեղ էր գտնվում, որպեսզի մշակութային ժառանգության հետ կապված հարցերում ընդհանուր առմամբ մասնագիտական հմտություններ փոխանցեր: Պարոն Պերսոնան եղել է Էջմիածնում, Մատենադարանում, Ազգային պատկերասրահում»,- ասաց Լաքոտը:
Նրա խոսքով՝ Պերսոնան տեսել է մշակութային բոլոր այն ժառանգությունները, որոնք արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Արցախից բերվել են Հայաստան:
Կարծիքներ