Վարչապետը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել ճանապարհաշինության ոլորտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
Մասնավորապես, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ապահովման և օրինականության ոլորտներում իրականացված 40 ուսումնասիրությունների (2022թ.՝ 39) և 216 մշտադիտարկումների (2022թ.՝ 201) արդյունքների վերաբերյալ:
Վերոնշյալի համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել գերատեսչություններում և պետական մասնաբաժին ունեցող կառույցներում իրականացված ուսումնասիրություններին և մի շարք մշտադիտարկումներին:
Նշվել է, որ ծառայության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում 2023-ին նախաձեռնվել է 90 քրեական վարույթ (2022թ.՝ 77): Զեկուցվել է նաև, որ արձանագրված առերևույթ խախտումների/անհամապատասխանությունների գծով վերականգնվել է շուրջ 1.1 մլրդ դրամ (2022թ.՝ շուրջ 135 մլն դրամ):
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող միջոցների համար պետական համակարգի կողմից ծախսվող ժամանակին և դրանց համապատասխան գումարների ծախսմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է. «Այստեղ ձևակերպման խնդիրն է. մեր խնդիրն ի սկզբանե եղել է 1000 դրամ վերականգնելը, թե մեր խնդիրը եղել է, օրինակ, վերահսկողություն իրականացնելը, և այդ ընթացքում 1000 դրամ է վերականգնվել կամ 400: Տեսականորեն, իմ ընկալմամբ՝ դեպք կա, որ 1000 դրամ վերականգնելն այնքան սկզբունքային է, որ դրա համար կարելի է 50 000 դրամ կամ նույնիսկ 1 մլն դրամ ծախսել, որովհետև դա կախված է կոնտեքստից: Օրինակ՝ ՊԵԿ-ի գործառույթների հետ կապված կրկին այդպիսի հարց է ծագում: Ես ասում եմ, լսեք, հարգելի գործընկերներ, երկրում 3000 POS տերմինալ կա, որով 0 գործարք է կատարվել: ՊԵԿ-ի արձանագանքն ի՞նչ է. ասում է՝ այդ 3000 POS տերմինալը գյուղերում դրած, լավ, դրանով աշխատեր, ինչքա՞ն շրջանառություն էր լինելու: Թող մի 100 մլն դրամի շրջանառություն լիներ, այդ 100 մլն դրամի շրջանառությունից 6 մլն դրամ հարկ գեներացվեր: Ես ասում եմ՝ ոչ, սա այդ դեպքը չէ, որովհետև դա նախ մարդու իրավունքն է, որ պետք է ապահովենք, կենսաթոշակառուի, որ կարող է անկանխիկ առևտուր անել և երկրորդը՝ դա օրենքի կատարման խնդիր է:
Մենք քանակական ցուցանիշներից պետք է անցում կատարենք որակական ցուցանիշներին, և պրոբլեմները վեր հանենք ու լուծումներ առաջարկենք, կամ պարտադիր չէ, որ ՊՎԾ-ն ունենա բոլոր հարցերի լուծումները, կարող է ասել, որ այս խնդիրը կա, քաղաքականություն մշակող մարմին կամ իրականացնող՝ տեսեք, ինչպես եք լուծում, բայց այս պրոբլեմը կա: Այդ գործելակերպը, իմ կարծիքով, ավելի ճիշտ է, քան ուղղակի թվային տրամաբանության մեջ մնալը»:
Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ներկայացվել են 41 օրենսդրական փոփոխությունների («Ֆինանսական համահարթեցման մասին» օրենք, «Էներգետիկայի մասի» օրենք, «Գնումների մասին» օրենք և այլն), ինչպես նաև 83 այլ բնույթի առաջարկություններ՝ արձանագրված բացթողումները վերացնելու, անճշտությունները շտկելու վերաբերյալ, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու, պատասխանատվության միջոցներ կիրառելու մասով և այլն:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է իրականացված ծրագրերի նկատմամբ վերահսկողությանը և նշել. «Հաջորդ խնդիրը վերաբերում է նորից ոչ թե քանակական, այլ ավելի շատ որակական վերահսկողությանն ավտոճանապարհների հետ կապված, որովհետև հիմա էլ մենք ճանապարհներ ենք կառուցում, կառուցվել է 500 կմ ճանապարհ: Լավ, կառուցել ենք, բայց 3 տարի հետո այդ ճանապարհի վիճակը համապատասխանո՞ւմ է մեր ունեցած որակական ստանդարտին, թե ոչ: Ես հանձնարարում եմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ այս թեմայով ուսումնասիրություն իրականացնի, ընդ որում՝ ոչ միայն փաստաթղթային, այլ գնալ, ոնց որ սահմանված կարգն է, հանույթը վերցնել: Թե չէ, ճանապարհը կառուցեցինք, բայց ենթադրենք ինքը սկսում է քայքայվել շատ արագ ու հետո, նորից մենք պատասխան չունենք, չգիտենք, թե ինչն է պատճառը, որովհետև այս տարի եղանակը լավ չէր, բեռնափոխադրումն է շատացել, ծանր բեռնատարներն են շատացել, որի մեջ լեգիտիմ բան պիտի լինի: Այդտեղ ստանդարտի հարց էլ կա: Իմիջիայլոց, ասեմ՝ մենք տնտեսության արդիականացման ծրագրով, որ խթանում ենք տեխնիկայի ներմուծումը, հիմա այն չափի ինքնագնաց սովորական մեքենաներ կան, որ երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդտեղ էլ պետք է հասկանանք՝ մեր ճանապարհների ստանդարտներն այս տրամաբանության համար համապատասխանեցրե՞լ ենք, թե չենք համապատասխանացրել: Եվ այստեղ ես ակնկալում եմ, որ պատասխաններ ունենանք»:
Զեկուցվել է, որ 2023-ին քաղաքացիներից ստացվել է 638 հանրագիր (2022թ.՝ 589)՝ արձանագրելով, որ 638 հանրագրերի շուրջ 47%-ը ստացվել է իրավաբանական անձանցից, շուրջ 46%-ը քաղաքացիներից, իսկ շուրջ 7%-ը՝ փաստաբաններից:
Նշվել է նաև, որ 2023-ի ընթացքում ծառայության կողմից պետական գերատեսչություններում քաղաքացիների կողմից 2022 թվականին տվյալ մարմիններին ուղղված դիմում-բողոքների, «Թեժ գիծ» ծառայության և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման նկատմամբ վերահսկողության շրջանակներում արձանագրվել են մի շարք խախտումներ/անհամապատասխանություններ:
Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական և միջազգային ծրագրերում (ԳՐԵԿՈ, ՕԼԱՖ) ծառայության ներգրավվածության հիմնական ուղղությունները՝ կարևորելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Վերոգրյալի շրջանակներում՝ փաստվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերից Ծառայությունը հանդիսանում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ, ՕԼԱՖ) գործընկեր պետական կառույց:
Զեկուցվել է, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական բյուջեի կատարման նկատմամբ ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթի՝ ծառայությանը վերապահելու Վարչապետի հանձնարարականի ապահովմամբ, ինչպես նաև շուրջ 6 տարվա գործունեության ընթացքում ի հայտ եկած համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Կարծիքներ