Շիրակի մարզում Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են «Ազատամարտիկների պանթեոն»-ից
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկները այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայ քաջորդիների հուշակոթողին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։
«Օրվա խորհրդով միջոցառումների մեկնարկը տվել ենք պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին՝ Արցախյան առաջին պատերազմի, քառօրյա և 44-օրյա պատերազմների հերոսների առջև։ Այդ ամենի գիտակցումով ու խոնարհումով մենք պետք է արձանագրենք, որ այսօր տոն է, հայոց փառապանծ բանակի տոնն է և յուրաքանչյուր հայ իր սրտում պետք է տանի մեկ կարևոր պատգամ, որ մենք անկոտրում ենք, որ տոկուն ենք, որ աննկուն ենք և հայոց բանակը հաղթական է՝ անկախ վայրիվերումներից, անկախ մեր անդառնալի կորուստներից։ Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ, մենք արի ու քաջ ենք լինելու։ Փառք մեր հայոց բանակին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը:
Կարծիքներ