Պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Սի Ծինփինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով:
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բարեհաջող անցկացման կապակցությամբ և իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական դերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կայուն առաջընթացի և բարեկամ չին ժողովրդի զարգացման ճանապարհին կշարունակի ամրապնդվել։
Մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-չինական քաղաքական երկխոսությունը և հարստացնել մեր բազմադարյա բարեկամության պատմության էջերը նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ, արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Կարծիքներ