Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը: Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  դատարանը մերժեց պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Այսպիսով, Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում