Գրիգոր Մինասյանը և դեսպան Գալագերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ի նպաստ ոլորտի բարեփոխումների
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական համակարգն ու թեթևացնելու դատարանների գերծանրաբեռնվածությունը:
Խոսելով հանրային կառավարման բարեփոխումների մասին՝ նախարարը նշել է, որ այս բարեփոխումն ուղենշային է երկրի զարգացման համար և Կառավարության առաջնահերթություններից մեկն է:
Նախարարը նշել է, որ արդարադատության ոլորտում առկա իրավիճակը բարելավելու նպատակով ներկայումս իրականացվում են նաև թվայնացման ոլորտի աշխատանքներ, մասնավորապես, էլեկտրոնային արդարադատության՝ E-Justice հարթակի պատրաստման ուղղությամբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են բարեփոխելու արդարադատության ոլորտը:
Հանդիպմանը նախարարն ու դեսպանը խոսել են հնարավոր աջակցության և արդարադատության ոլորտի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին: Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցություն, մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Կարծիքներ