Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով նիստը այսօր ևս հետաձգվել է, քանի որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լքել է դատարանի դահլիճը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունների քննարկումը:
Ալեքսանյանը դատավորին մեղադրել է կողմնակալության մեջ և պահանջել հետաձգել նիստը, որպեսզի դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն պատրաստի: Դանիբեկյանը նիստը չի հետաձգել և առաջարկել է միջնորդությունը ներկայացնել այն ժամանակ, երբ այն պատրաստ լինի: Արդյունքում, փաստաբանը ցուցադրաբար լքել է դահլիճը: Իր հերթին դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմի գործողություններն ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Այնուամենայնիվ, փաստաբանի բացակայության պատճառով դատն ընդհատվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 31-ին։
Կարծիքներ