Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխվել է

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխվել է

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ համայնքի նախկին ղեկավարի որդուն ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու և ՀՀ ոստիկանության գույքը դիտավորությամբ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակը դատարանի կողմից երկարացվել է:

Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ գործով 33-ամյա մեղադրյալի անվամբ, Երևան քաղաքում, Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում, սեփականության իրավունքով հաշվառված է 36 անշարժ գույք, ինչպես նաև` 2 տրանսպորտային միջոց. հիշյալ տեղեկատվությունը փոխանցվել է Արարատի մարզի դատախազություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն էր գործադրել՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև դիտավորությամբ վնասել էր ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան:

Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի որդին, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել էր նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկելու իրավաչափ և օրինական գործողությունները խափանելու նպատակով, դուրս էր եկել հորը ոստիկանության բաժին ուղեկցող ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի հաշվեկշռում գտնվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմաց և իր կողմից վարվող ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ծառայողական ավտոմեքենայի առջևի մասին, ապա, ագրեսիվ ձևով դիմելով ոստիկանության աշխատակիցներին, սկսել էր դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու փաստի առնչությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

«Ոստիկանության աշխատակիցները հորդորել էին դադարեցնել նման վարքագիծը՝ միաժամանակ պահանջելով չխոչընդոտել իրենց աշխատանքը, սակայն տեսնելով, որ երիտասարդը չի դադարեցնում իր ագրեսիվ վարքագիծը, վերջինիս բերման էին ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:

«ՎԱԶ 2121»-ի կողմից ՀՀ ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու արդյունքում ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ էին ստացել և դիմել բուժօգնության:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել էր երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է: 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում