Տոկաևը նախարարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման 5-ամյա մորատորիում է սահմանել
![Տոկաևը նախարարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման 5-ամյա մորատորիում է սահմանել](https://freenews.am/uploads/images/image_750x_61dd3f559570d.jpg)
Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է նախարարների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելքի մասին։
«Վերը նշված կատեգորիաների քաղծառայողների աշխատավարձերը բավարար են, ուստի հնարավոր եմ համարում այս անձանց աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում հայտարարելը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի հարցն ակտիվորեն քննարկվել է 2021 թվականի վերջին։ Տոկաևի խոսքով՝ նրանց աշխատավարձի սահմանված չափն արդար է։
Ինչպես արդեն հայտնել ենք, Տոկաևը հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել հանրապետությունում բնակչության եկամուտների ավելացման ծրագիր։
«Պետք է ձեռնարկել մի շարք միջոցառումներ. մշակել բնակչության եկամուտների ավելացման ծրագիր, աշխատանքը պետք է լինի ճշգրիտ և հասցեական։ Հանձնարարում եմ կառավարությանը երկու ամիսների ընթացքում ընդունել բնակչության եկամուտների ավելացման ծրագիր։ Կառավարությունը պետք է ապահովի սոցիալական օրենսգրքի ժամանակին ընդունումը»,- ասել է Տոկաևը։
Նախագահը նաև կոչ է արել սոցիալական քաղաքականությունը հարմարեցնել «նոր իրողություններին»՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը և սոցիալական այլ խնդիրները։ Սրան զուգահեռ Ղազախստանի ղեկավարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել գործազրկության մակարդակի կրճատմանը։
Կարծիքներ