Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ՝ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը. Միրզոյան

Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ՝ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը. Միրզոյան

Լրանում է չորրորդ ամիսն, ինչ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակված է պահում Լաչինի միջանցքը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը և դրա կատարումն ապահովելուն ուղղված միջազգային հանրության հստակ պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով՝ Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը փաստել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնասներ հասցնելու անմիջական վտանգի առկայությունը»,- նշեց միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նկատեց, որ այս համատեքստում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ևս մեկ անգամ ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը, միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք կարող է կարևոր նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ թեզերին վերջ դնելու, վերահաս ագրեսիան կանխելու, մարդկային տառապանքները դադարեցնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում:

Արարատ միրզոյանը Բույար Օսմանիի ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին:

«Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ»,-շեշտեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Միրզոյանը նկատեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ չապահովելուն զուգահեռ Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը:

Նախարարի բնորոշմամբ՝ բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ՝ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ սպառնալով նոր ագրեսիայով և լրջորեն վտանգելով տարածաշրջանային կայունությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում